Այս պատմությունը կարող էի գաղտնի պահել. ոչ մի հերոսական բան չկա դրա մեջ։ Դա մի հրաշալի զավեշտ էր, որ պատահեց արցախյան ողբերգության ամենաթեժ օրերին։
Շուշվա հայ բնակչությունը բռնի տեղահանվել էր քաղաքից։ Խորհրդային բանակի զինվորները եղբոր հոգատարությամբ պաշտպանում էին Շուշի քաղաքի տերերին՝ ազերիներին։ Այն օրերին Շուշին խոց էր՝ Արցախի սրտում բնավորված։
Ֆիդայի Ա-ի հետ հյուրընկալվում էինք Ստեփանակերտի մեր ծանոթի օջախում։ Այս պատմության գլխավոր հերոսը արցախյան նշանավոր թթի օղին էր, որ խառնեց մեր բորբոքված ուղեղների բոլոր հաշիվները։ Մեր հյուրընկալներին հրաժեշտ տալուց հետո դուրս եկանք փողոց։ Ֆիդայի Ա-ն անհանգիստ դեսուդեն էր խփվում։ Հանկարծ նրա դեմքը պայծառացավ։
– Էս օրը կհիշես,– ասաց նա՝ մոտենալով տաքսու վարորդին։
Տեղավորվեցինք մեքենայի մեջ։ Վարորդը գործի դրեց շարժիչը։
– Հյուրանո՞ց,– հարցրեց նա։
– Շուշի՛,– կտրուկ ասաց ֆիդայի Ա-ն։
Վարորդն ու ես միաժամանակ ժպտացինք:
– Ի՞նչ է, առաջին անգա՞մ ես լսում։ Կարո՞ղ է էդ անունով քաղաք չկա,– զայրացած ասաց Ա-ն։
– Դժբախտաբար մեզ համար այլևս չկա այդպիսի քաղաք,– ցավն իր մեջ խեղդելով` ասաց վարորդը,– և՛ կա, և՛ չկա։ Մոտի՛կ է, նաև հեռու է։
– Շուտ չե՞ս թաղում Շուշին. ախպերս, քշի՛ր Շուշի։
Վարորդը կամուկացի մեջ էր, լուրջն ու կատակը չէր ջոկում։
– Դու տղամարդ չե՞ս,– գոռաց ֆիդայի Ա-ն,– քեզ ասում են Շուշի՛, ուրեմն՝ Շուշի։
Վարորդը, որ աժդահա մի արցախցի էր, վիրավորվեց։
– Էդ ի՞նձ ես ասում,– բորբոքվեց նա,– չքշողի էլ...
Ես փորձեցի կանխել միմյանց հասկացած երկու խենթերին՝ ապարդյուն։
– Եթե վախենում ես, իջի՛ր,– արհամար¬հական ասաց ֆիդայի Ա-ն։
– Գնա թեյ խմիր մինչև մենք կվերադառնանք,– ասաց վարորդը,– կամ էլ չենք վերադառնա։
Ես ինձ հարգում էի, իմ մեջ ներծծված թթի օղին էլ էր ինձ հարգում։
– Շուշի՛,– ե՞ս ասացի, թե՞ թթի օղին` չեմ հիշում։
Շուշվա մուտքի մոտ, զրահամեքենաների շուրջը խմբված խորհրդային զինվորները մեզ հարգալից ճանապարհ տվեցին, երևի թուրք հայրենասերների տեղ ընդունեցին։
Ահա և Շուշին։ Մոտիկ և հեռու Շուշին։ Հարազատ ու թշնամի քաղաքը։ Փողոցներում խմբված են քաղաքը «կեղտոտ հայերից» մաքրազարդած հաղթական ազերիները։ Ֆիդայի Ա-ն ինքն իրեն ուտում է, իրեն հազար տոկոսանոց Գևորգ Չաուշ է զգում երևի։ Նա նյարդային շարժումներով իջեցնում է դռան ապակին, ձեռքը դուրս է հանում և բռունցք արած պարզում է վեր։ Ազերի ամբոխը բացականչություններով փոթորկվում է։ Ֆիդայի Ա-ի դեմն առնել արդեն հնարավոր չէ։ Ես վախից կուչ եմ եկել։ Իմ միջի թթի օղին ինձ հուսադրում է` «Վերևն Աստված կա»: Ֆիդայի Ա-ն հանկարծ սկսում է երգել. «Հերոս Անդրանիկ, յուր փայլուն սրով...»:
Ազերիները ալիքվում են և ողջունում «Բաքվից եկած իրենց կտրիճներին» (թուրք կտրիճ էլ դարձանք)։ Մենք շքերթի ելած զորապետների պես մի քանի պտույտ արեցինք Շուշվա կենտրոնում։ Նման բուռն ընդունելության մեր ամբողջ կյանքում չէինք արժանացել:
Հանկարծ ֆիդայի Ա-ն սասունցի իր նախորդների ոգևորությամբ հրամայեց.
– Ղազանչեցոց եկեղեցու մոտ կանգնիր, պիտի իջնեմ, մոմ վառեմ։
Վարորդը, արցախցի իր նախորդների սառնասրտությամբ, հասկացրեց, որ ոգևորությունն էլ, խենթությունն էլ գեղեցիկ են, երբ չափավոր են։ Ես թույլ հանդիմանեցի, իմ միջի թթի օղին ինձ ողջախոհության բառեր շշնջաց։
Եկեղեցին մնաց հետևում։ Նույն ջերմությամբ ազերիները ճանապարհեցին իրենց «զորապետներին»։
Հյուրանոցում մի երկու ժամ քնելուց հետո զարթնեցինք։ Ֆիդայի Ա-ն ինձ էր նայում, ես՝ նրան։ Հետո հիստերիկ հռհռոցով ծիծաղեցինք։ Հետո հիստերիկ լացով հեկեկացինք։ Հետո ֆիդայի Ա-ն ասաց.
– Էսօր թթի օղին գրավեց Շուշին, վաղը՝ մենք կգրավենք։
Հար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից